Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի լայն ժողովրդականությունը, չնայած պատերազմում կրած պարտությանը, մի քանի պատճառ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:
«Առաջին պատճառն այն է, որ այլընտրանք չկար, եւ դժվար թե առաջիկայում լինի: Որպես այդպիսին հանդես եկան Հայաստանի երկու նախկին նախագահները: Բայց եւ՛ մեկի, եւ՛ մյուսի թիկունքում բացասական վերաբերմունքի բավականին մեծ հետք կա հայ հասարակության մի մասի շրջանում: Նրանք նույնպես ունեն իրենց ամուր համախոհները, բայց քվեարկությունը ոչ միայն Փաշինյանի օգտին էր, այլ այն համեմատության մեջ, թե ում ընտրել՝ Քոչարյանին թե Փաշինյանին: Նախկին նախագահներն ունեն իրենց նեղ ընտրազանգվածը, բայց այն դեռ չի աճում:
Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը, որտեղ գործում են շատ արեւմտամետ հասարակական կազմակերպություններ, կանգնել է սողացող եվրոպական ինտեգրման ճանապարհին: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անցած ժամանակահատվածում հայ հասարակությունը կտրուկ փոխվել է, եւ փոխվել է նաեւ ընտրողների կազմը: Եկել է մի նոր սերունդ, որն արդեն մտածում է բոլորովին այլ կատեգորիաների մեջ: Նրանցից շատերին ավելի շատ հետաքրքրում է նոր սմարթֆոնը կամ ճանապարհորդությունը դեպի Եվրոպա, քան պետության ու հայերի գաղափարները: Նրանց համար սրանք վերացական հասկացություններ են: Շատերն իրենց համարում են աշխարհի քաղաքացիներ, երազում են հեռանալ Հայաստանից եւ ավելի շատ կողմնորոշված են դեպի արտասահմանում գտնվող հայկական սփյուռքը: Ընտրողների նման փոփոխություն նկատվում է հետխորհրդային տարածքում ՝ Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում»,- նշեց նա:
Ըստ փորձագետի, Հայաստանում ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, սպասելի էին, բայց Փաշինյանի կուսակցության ստացած ձայների քանակն ավելին էր, քան ցույց էին տվել սոցիոլոգիական հարցումների տվյալները:
«Համենայն դեպս, նման արդյունքը ամբողջովին անսպասելի չէր, քանի որ ընդհանուր գնահատականով մոտ 34%-ով պարզ էր, որ Փաշինյանը ավելի շատ ձայն կստանա: Այն փաստը, որ նա այդ ցուցանիշից շատ ավելին է հավաքել, պայմանավորված է հիմնականում ոլորտում վարչական ռեսուրսների օգտագործմամբ: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դաշինքի արդյունքները («Պատիվ ունեմ» դաշինք, որի մեջ մտնում է նաեւ նրա ղեկավարած ՀՀԿ-ն - խմբ.) միանգամայն կանխատեսելի էին: Որոշ կասկածներ կային Սարգսյանի դաշինքի վերաբերյալ, թե արդյոք նա կկարողանա հաղթահարել արգելքը: Բայց պարզ էր, որ այլ ուժեր չեն մտնի խորհրդարան: Նույնիսկ եթե Փաշինյանի վարչական ազդեցությունը ամբողջությամբ հեռացնելու դեպքում, միեւնույն է, ըստ հարցումների, նա ուներ ամենամեծ ընտրական խումբը»,- հավելեց Լեպեխինը:
Քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանում ընտրությունների դրական արդյունքն այն է, որ ընտրարշավը բավականին հանգիստ անցավ: Բացի այդ, Քոչարյանի շուրջ ընդդիմության մեջ որոշակի համախմբում տեղի ունեցավ: Նույն գործընթացը տեղի էր ունեցել հունվարին մեկ այլ առաջնորդի շուրջ (Վազգեն Մանուկյան - խմբ.):
«Բացասական արդյունքն այն էր, որ ընտրությունները բավական թափանցիկ եւ արդար չէին: Արդյունքում, չնայած այն բանին, որ ենթադրվում էր Փաշինյանի հաղթանակը, այնուամենայնիվ, նա շատ ձայներ ստացավ, եւ խորհրդարանում Փաշինյանի մենաշնորհային դիրքում են թաքնվածէ հնարավոր բացասական հետեւանքները: Սրանից խուսափելու համար նրան քաղաքականության փոփոխություն է անհրաժեշտ՝ հաշվի առնելով ընդդիմության պահանջները եւ աճող արտաքին սպառնալիքը: Եթե նման փոփոխություն լինի, արտաքին քաղաքական ուղու ճշգրտում կլինի, այդ ժամանակ հնարավոր կլինի ասել, որ ընտրությունները դրական ազդեցություն ունեցան: սակայն, նման փոփոխությունների առաջացման նախանշաններ չկան: Սա նշանակում է, որ խնդիրները կաճեն»,- եզրափակեց Լեպեխինը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն` նոր խորհրդարանում կներկայացվեն երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիրը» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ), «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:





























