ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն մտահոգված է Թուրքիայում լրագրողների վրա հարձակումներով:

Հունիսի 22-ին Ihlas-ի թղթակից Մուստաֆա Ուսլուն ծեծի է ենթարկվել 4 մարդկանց կողմից, որոնց թվում է եղել տեղացի քաղաքական գործիչներից մեկի զարմիկը:

Լրագրողին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել կոտրվածքներով եւ կապտուկներով: Ոստիկանությունը ձերբակալել է մեկ կասկածյալի, մնացած երեքը ժամանակավոր ազատ են արձակվել:

Հունիսի 21-ին շինարարական ընկերության երեք աշխատակիցներ հարձակվել են Yenica թերթի լրագրող Իբրահիմ Աքուշի վրա: Աքուշը Սամսուն նահանգում այցելել էր վերջերս կառուցված պետական հիվանդանոց խախտումների մասին ահազանգով:

Ռիբեյրոն հիշեցրել է նաեւ նախորդ հարձակումների մասին:

«Լրագրողների անվտանգությունը պարտադիր պայման է ԶԼՄ-ների ազատության համար : Լրագրողները պետք է  հնարավորություն ունենան իրենց գործունեությունն իրականացնել առանց սպառնալիքների եւ հարձակումների: Հուսով եմ՝ համապատասխան մարմինները մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնեն եւ պատասխանատվության կենթարկեն մեղավորներին»,-նշել է նա: