«Մեծ քսանյակի» արտաքին գործերի նախարարները կոչ են արել բազմակողմանի լուծումներ գտնել գլոբալ ճգնաժամերը հաղթահարելու համար, ինչպիսիք են COVID-19 համավարակն ու կլիմայի արտակարգ իրավիճակները, հաղորդել է Reuters-ը:
Հարավային Մատերա քաղաքում մեկօրյա հանդիպումը նվիրված էր նրան, թե ինչպես բարելավել համագործակցությունը, համավարակից հետո աշխուժացնել համաշխարհային տնտեսությունը եւ խթանել զարգացումը Աֆրիկայում:
«Համավարակն ընդգծեց ազգային սահմանները հատող արտակարգ իրավիճակներին միջազգային արձագանքի անհրաժեշտությունը», - G20-ի նախարարներին ասել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:
G20-ի անդամներին բաժին է ընկնում աշխարհի համախառն ներքին արդյունքի ավելի քան 80 տոկոսը, համաշխարհային առեւտրի՝ 75 տոկոսը եւ աշխարհի բնակչության՝ 60 տոկոսը:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը ափսոսանք է հայտնել Պեկինից եւ Մոսկվայից գործընկերների բացակայության կապակցությամբ (նրանք արտաքին գործերի փոխնախարարներ էին ուղարկել): «Երբ հավաքվում եք, պետք է նաեւ միմյանց հետ խոսեք: Մեզ երկխոսություն է անհրաժեշտ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ», - ասել է նա ընդմիջման ժամանակ:
Հանդիպումից առաջ Մաասը հայտնել է, որ ինքը դժգոհություն է հայտնելու նրանից, թե ինչպես են Չինաստանը եւ Ռուսաստանը COVID-ի դեմ պատվաստանյութեր տարածում՝ որոշ երկրներում իրենց դիրքերը ամրապնդելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է ավելի աղքատ երկրներ ավելի շատ պատվաստանյութ հասցնելու անհրաժեշտությունը: «Մենք պետք է համագործակցենք եւ դա պետք է անենք արդյունավետ: Բազմակողմանիությունն այն է, ինչը դա հնարավոր է դարձնում», - ասել է Բլինկենը համաժողովում իր ելույթի ժամանակ:





























