Թուրքիան ելնում է այն ենթադրությունից, որ նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան կշարունակի գործել «Ստամբուլ» ջրանցքի գործարկումից հետո: Այս մասին Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Մոնտրյոյի կոնվենցիան կապված չէ «Ստամբուլ» ջրանցքի հետ եւ հակառակը՝ ջրանցքը ոչ մի կերպ կապված չէ կոնվենցիայի հետ: Մոնտրյոն կկիրառվի մեր կողմից առանց փոփոխությունների, ինչպես նախկինում: Մենք հետեւում ենք այդ կոնվենցիայի յուրաքանչյուր տառին: Բացի այդ, այն կարգավորում է ոչ միայն նավերի անցումը, այլեւ ռազմական նավերի տեղաշարժը, Սեւ ծովում դրանց գտնվելու ժամկետները, տոննաժը», - հայտարարել է Չավուշօղլուն: Նա հիշեցրել է, որ կոնվենցիայի տեքստն ինքնին պարունակում է այն փոփոխելու կամ չեղարկելու ընթացակարգեր, եւ դրանք հայտնի են, սակայն ջրանցքի հայտնվելով՝ Մոնտրյոյի կոնվենցիայում փոփոխություններ չեն լինի:
Նախարարը նշել է, որ ջրանցքի շինարարությունն փաստացի սկսվել է հունիսի 26-ին, եւ Անկարան համոզված է Մարմարայի եւ Սեւ ծովի միջեւ նավարկության նոր զարկերակի անհրաժեշտության մեջ: «Բոսֆորում նավերի երթեւեկությունը շատ մեծ ռիսկեր է ստեղծում: Այժմ 45.000 նավ է անցնում նեղուցներով, իսկ մինչեւ 2050 թվականը դրանց թիվը կհասնի 80.000-ի: Առեւտրական նավերը շատ երկար են սպասում [Բոսֆորն անցնելիս]: Մենք թույլ չենք տալիս տեղաշարժվել պայթյունավտանգ բեռներով: Սակայն ջնացքի հայտնվելով՝ այս բոլոր խնդիրները կլուծվեն: Եվ կրկնում եմ՝ Մոնտրյոյի հետ կապ այստեղ չկա», - ասել է նա:
«Ստամբուլ» ջրանցքի նախագծի մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 2011 թվականին: Ջրանցքի երկարությունը 45 կմ է, լայնությունը` 275 կմ, իսկ խորությունը` 20 մետր. նախատեսվում է, որ այն դառնալու է Ստամբուլի արեւմտյան մասում նավարկության համար նոր զարկերակ, որը միավորելու է Սեւ եւ Մարմարա ծովերը: Այն երկրի եվրոպական մասը կբաժանի երկու մասի: Հունիսի 26-ին տեղի ունեցավ ապագա ջրանցքով անցնող առաջին կամրջի շինարարության մեկնարկի արարողությունը, եւ նման կերպ սկսվեց ծրագրի փաստացի իրականացումը:





























