Ֆրանսիայում տարբեր ժամկետներով ութ մարդ է դատապարտվել՝ հայտնիներին թալանելու համար: Շատ հայտնի մարդկանց տներ, այդ թվում՝ երկու միջազգային ֆուտբոլիստների տներ, 2018 եւ 2019 թվականներին յոթ գողությունների թիրախ են դարձել, հայտնել է AFP-ն:  

27-31 տարեկան յոթ տղամարդու եւ մեկ կնոջ Փարիզի դատարանը գողության մեղադրանքով դատապարտել է պայմանականից մինչեւ վեց տարի ազատազրկման:

Հանցագործները իրենց զոհերի տներ էին մտնում նրանց բացակայության ընթացքում պատուհաններից՝ օգտվելով ջրատար խողովակներից եւ քիվերից: Նրանք գողացել են զարդեր, ժամացույցներ եւ շքեղության իրեր՝ 4,2 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ:

Մուհամեդ Ս.-ն եւ Աբդելազիմ Գ.-ն դատապարտվել են վեց տարվա ազատազրկման եւ 20.000 եվրո տուգանքի:

Եվս հինգ տղամարդ դատապարտվել է ազատազրկման 1-4 տարի ժամկետով եւ 5000-15000 եվրո տուգանքի: Երիտասարդ կինը նույնպես 18 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ պարտավորվելով վճարել 1000 եվրո տուգանք: Կնոջ տանը խուզարկություն անցկացնելիս՝ ոստիկանությունը հայտնաբերել է ատրճանակ, ինչպես նաեւ այլ հայտնի մարդկանց անուններով եւ հասցեներով նշումներ: