Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են երեք աֆղանցու՝ 13-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության կասկածանքով:

Ըստ AP-ի՝ երկուշաբթի որպես կասկածյալներ ձերբակալվել են 16 եւ 18 տարեկան երկու աֆղանցիներ: Երկուսն էլ ապաստան հայցողներ են: Ոստիկանությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ 23-ամյա աֆղանցի է ձերբակալվել Վիեննայում՝ հանցագործությանը մասնակցության կասկածանքով:

Պաշտոնյաները հայտնել են, որ զոհը ճանաչել է առաջին երկու կասկածյալներին եւ կամավոր նրանց ուղեկցել է 18-ամյա երիտասարդի բնակարան: Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Պյուրստլի խոսքով՝ նրան թմրանյութ են տվել եւ «սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն» կատարել:

Կանցլեր Սեբաստիան Կուրցը խոստացել է, որ իշխանությունները կապահովեն, որպեսզի մեղավորները պատժվեն «օրենքի առավելագույն խստությամբ»: «Ինձ համար անընդունելի է, երբ մարդիկ գալիս են մեզ մոտ, ասում, որ պաշտպանություն են փնտրում, իսկ հետո դաժան, բարբարոսական հանցագործություններ են կատարում Ավստրիայում», - ասել է նա:

«Քաղաքական առումով սա ինձ համար նշանակում է, որ մենք շարունակելու ենք հետեւողական լինել», - ասել է Կուրցը, որը երկար ժամանակ կոշտ մոտեցում է ցուցաբերել միգրացիայի հարցի նկատմամբ: «Չեն դադարի Աֆղանստան արտաքսումները եւ չեն լինի մեղմացումներ հանցագործություն կատարող ու ապաստան հայցողներին ապաստան տրամադրելու օրենքում»: