ԱՄՆ-ը Թուրքիային ավելացրել է մանկահասակ զինվորներ օգտագործող երկրների ցուցակում՝ առաջին անգամ է այդ ցուցակում ներառելով ՆԱՏՕ-ի իր դաշնակցի:

Պետդեպարտամենտի՝ մարդկանց առեւտրի մասին 2021 թվականի զեկույցում նշվում է, որ Թուրքիան «շոշափելի աջակցություն» է ցուցաբերում Սիրիայում «Սուլթան Մուրադ» ստորաբաժանմանը եւ խմբին, որը, ըստ Վաշինգտոնի, որպես զինվորներ հավաքագրել եւ օգտագործել է երեխաների, հաղորդել է Reuters-ը:  

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հիշատակել է Լիբիայում երեխաների օգտագործման մասին՝ ասելով, որ Վաշինգտոնը հույս ունի համագործակցել Անկարայի հետ այդ խնդրի լուծման համար:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա առաջին անգամ է, որ ՆԱՏՕ-ի անդամ է ընդգրկվում ցուցակում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: «Որպես տարածաշրջանային լիդեր եւ ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան հնարավորություն ունի զբաղվել այս հարցով», - ասել է նա: