Սա քաղաքական և իրավական նախադեպ է նաև այլ նահանգների համար՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանը:
«Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը որպես պետություն, անկախ միավոր։ Սա նախ քաղաքական առումով է նախադեպ, քանի որ ինչ-որ առումով նաև ճնշման մեխանիզմ է ֆեդերալ իշխանության վրա, նաև լոբբիստների, բնականաբար, առաջին հերթին Հայ դատի գրասենյակի համար է լուրջ հնարավորություն, որպեսզի ավելի ակտիվ աշխատեն այլ նահանգներում ճանաչման ուղղությամբ։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա նաև կարող է լինել ոչ միայն իրավական, այլև քաղաքական առումով նախադեպ այլ նահանգների համար։ Այնպես որ այս պրոցեսը կարող է շարունակական լինել»,-ասաց նա։
Հարցին, թե ինչ պետք է անեն այս պարագայում ՀՀ Իշխանությունները, Սարգսյանը պատասխանեց, որ մեր իշխանությունները այս առումով քաղաքականություն չունեն և չեն էլ ներկայացնում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կագավորումն ինչպես են տեսնում։
«Այս առումով մեր իշխանությունները եթե չեն խանգարում, ապա չեն էլ օգնում լոբբիստական ջանքերին։ Այնպես որ իշխանություններից սպասելիքներ առանձնապես չունեմ։ Քանի որ մեր իշխանությունները Արցախի հարցի շուրջ դիրքորոշում չեն հայտնում, այդ հարցը ամբողջովին մնում է համայնքների հայեցողությանը․ ինչպես պատկերացնում են, այդպես էլ շարժվում են՝ առանց Երևանից ազդակներ ստանալու։ Այսպիսի անջրպետ երբեք չի եղել Երևանի և սփյուռքի մեր կառույցների միջև։ Նույնիսկ այն տարիներին, երբ Առաջին նախագահի կառավարման տարիներին Դաշնակցության գործունեությունը կասեցված էր, Հայ դատի գրասենյակն ու դեսպանությունը շատ ակտիվ համագործակցում էին ամենատարբեր ուղղություններով։ Հայ դատի գրասենյակը ՀՅԴ գրասենյակներից է և պետք է հաշվի առնենք նաև քաղաքական փոխհարաբերությունները»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը:
https://news.am/arm/news/651591.html





























