Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակչի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում։ Ինչպես NEWS.am-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից, 2021թ. հուլիսի 1-ին` ժամը 09:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Պուշկինյան ոլորաններում ծառից կախված դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող Պուշկինյան լեռնանցքի հին ավտոճանապարհի 3-րդ ոլորանում հայտնաբերել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենա` բեռնախցիկը բացված վիճակում, իսկ ավտոմեքենայից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ անտառում՝ տղամարդու դի՝ ավտոմեքենայի ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում:
Նյութերով նախապատրաստման ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, որը հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի եւ դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
.jpeg)





























