Ամերիկյան Nvidia ընկերությունը Մեծ Բրիտանիայում ստեղծել է Cambridge-1 գերհամակարգիչը, որը մշակվել է AstraZeneca-ի եւ GlaxoSmithKline-ի հետ համատեղ, որը հետազոտողներին հնարավորություն կտա մոդելավորել հիվանդությունները, ստանալ նոր դեղեր եւ խորացնել գիտելիքները մարդու գենոմի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

«Cambridge-1-ը հնարավորություն կտա աշխարհի առաջատար հետազոտողներին իրականացնել իրենց կյանքի աշխատանքը Մեծ Բրիտանիայի ամենահզոր գերհամակարգչի վրա` հայտնաբերելով հիվանդությունները եւ բուժման մեթոդները այնպիսի մասշտաբներով եւ արագությամբ, որոնք նախկինում անհնար են եղել Մեծ Բրիտանիայում»,- գործակալությունը մեջբերում է Nvidia-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հայտարարությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գերհամակարգիչը ստեղծողների կարծիքով՝ արհեստական բանականության նոր հնարավորությունները կօգնեն գիտնականներին ավելի լավ հասկանալ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են դեմենցիան, ինսուլտը, գլխուղեղի քաղցկեղը եւ ցրված սկլերոզը, ինչը թույլ կտա ավելի վաղ ախտորոշել եւ բուժել: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ իրենց գործընկերների հետ աշխատելու են, որպեսզի ստացված գիտելիքները ավելի լայն գիտական համայնքի հետ կիսեն:

Նախագծի ղեկավարների ու գործընկերների թվում են նաեւ Գայի հիվանդանոցը եւ Սբ Թոմասի հիվանդանոցը, որոնք Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության մաս են կազմում, ինչպես նաեւ՝ Լոնդոնի Թագավորական Քոլեջը:

100 միլիոն դոլար արժողությամբ գերհամակարգչի մասին հայտարարվել է հոկտեմբերին այն բանից հետո, երբ Nvidia-ն գործարք կնքեց աշխարհի խոշորագույն կիսահաղորդչային արտադրողներից մեկի՝ ARM-ի (Advanced RISC Machines) հետ: Գերհամակարգչի աշխատանքը մոտ է ճապոնական Fugaku-ին, որը ճանաչվել է ամենաարագը աշխարհում, եւ ավելի քան 400 պետաֆլոփս է: Cambridge-1-ը բաղկացած է ոչ թե մեկ, այլ մի քանի մոդուլներից: Սա նրան թույլ է տալիս միաժամանակ կատարել մի շարք առաջադրանքներ, ինչը ապահովում է աշխատանքի ավելի մեծ արագություն:

Cambridge-1-ը, ըստ TOP500 վարկանիշի, աշխարհի ամենաբարձր ցուցանիշ ունեցող գերհամակարգիչների շարքում 41-րդ տեղն է զբաղեցնում: