Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մրսածությունը Երկրի վրա կարող էր առաջանալ Homo sapiens-ի հայտնվելուց կես միլիոն տարի առաջ, եւ դրանից, ըստ երեւույթին, տառապել են դեռեւս նեանդերթալցիները։ Մանկական կաթնատամների ուսումնասիրման շնորհիվ, որոնք ավելի քան 31 հազար տարեկան են, գիտնականները հայտնաբերել են մի քանի տարածված վիրուսների ԴՆԹ։ Այդ թվում С ադենովիրուսի, որը սովորական մրսածության առաջացման պատասխանատուն է, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով New Scientist-ին։
Գիտնականների հայտնաբերած C ադենովիրուսի հետքերի ԴՆԹ-ն թույլ է տալիս ենթադրել, որ վիրուսներից մեկը, որը մրսածության առաջացման պատասխանատուն է, շատ ավելի մեծ է ժամանակակից մարդկանցից։ Ամենայն հավանականությամբ, այն Երկրի վրա հայտնվել է ավելի քան 700 հազար տարի առաջ եւ հարբուխով տանջել դեռեւս նեանդերթալցիներին։
2019թ. Սիբիրում հայտնաբերված ատամները հետազոտվել են Կոպենհագենի Դանիական համալսարանի միկրոկենսաբանների խմբի կողմից, որոնք հայտնաբերել են մի քանի լավ հայտնի մարդկային վարակների մանրադիտակային շտամներ, այդ թվում՝ С ադենովիրուսի եւ մարդու հերպեսի։
Սա մարդկանց մոտ հայտնաբերված վիրուսային վարակների գոյության հայտնի ապացույցներից ամենահինն է։ Առաջ ընդունված էր այն կարծիքը, թե այդ վիրուսը առաջ է եկել 7 հազար տարի առաջ։
Հետազոտողների խոսքով՝ ադենովիրուսի հնագույն շտամի համեմատումը արդի շտամների հետ ենթադրում է, որ դրանց ընդհանուր նախնին ի հայտ է եկել այն շրջանում, որն ընկած է 487 եւ 963 հազար տարի առաջվա միջեւ, իսկ ավելի հավանական է՝ 702 հազար տարի առաջ։





























