Բրեքսիթի եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով օտարերկրյա աշխատողների հեռանալուց հետո Մեծ Բրիտանիան բախվում է աշխատուժի խիստ պակասի: 1997 թվականից ի վեր կադրերի նման պակաս չի եղել, գրել է The Guardian-ը:
Ամենամեծ մարտահրավերները տրանսպորտային եւ լոգիստիկ, հյուրանոցային բիզնեսի, արտադրության եւ շինարարության ոլորտներում են: Բացի սպասարկող անձնակազմի, խոհարարների, հավաքարարների, պահեստի աշխատողների պակասից, չի հաջողվում վարձել ֆինանսիստների, ծրագրավորողների, հաշվապահների եւ ինժեներների: Բրիտանական Առեւտրի պալատի հարցման համաձայն՝ ընկերությունների 52 տոկոսը վերջին երեք ամիսների ընթացքում չի կարողացել աշխատակիցներ գտնել: Առաջացած խնդիրները կարող են հանգեցնել աշխատավարձերի բարձրացման եւ գնաճի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ շուրջ մեկուկես միլիոն աշխատող չի կարող վերադառնալ Մեծ Բրիտանիա, քանի որ սահմանափակումների վերացումը հետաձգվել է հունիսի 21-ից հուլիսի 19-ը: Այս ֆոնի վրա Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հուլիսի սկզբին չեղյալ է հայտարարել աշխատատեղերի պահպանման աջակցության ծրագիրը:
«Աշխատուժի հմտությունների աճող բացը կարող է դանդաղեցնել Մեծ Բրիտանիայի տնտեսության վերականգնումը», - կարծում է KPMG UK ընկերության կրթության եւ արտադրողականության բաժնի ղեկավար Քլեր Ուորնսը:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալներով՝ համավարակը վերացրել է 22 միլիոն աշխատատեղ ամբողջ աշխարհում: Ամենից շատ տուժել են սպասարկման եւ զբոսաշրջության արդյունաբերության ոլորտների երիտասարդ եւ ցածր որակավորմամբ աշխատողները:





























