Զուգարանի օգտագործումը կարող է վճարել ձեր սուրճի կամ բանանի գնման համար՝ շնորհիվ Հարավային Կորեայի համալսարանի մշակման, որը մարդկային թափոններն օգտագործում է շենքի էլեկտրամատակարարման համար, գրում է New York Post-ը:

Ուլսանի գիտության եւ տեխնիկայի ազգային ինստիտուտի (UNIST) քաղաքային եւ բնապահպանական ինժեներիայի պրոֆեսոր Չո Չժե Վոնը ստեղծել է էկոլոգիապես մաքուր զուգարան, որը կապված է լաբորատորիայի հետ, որը արտաթորանքներն օգտագործում է բիոգազ արտադրելու համար:

BeeVi զուգարանը օգտագործում է վակուումային պոմպ՝ կղանքը ստորգետնյա բաք ուղարկելու համար: Այնտեղ միկրոօրգանիզմները թափոնները վերածում են մեթանի, որը գազի վառարանը եւ ջրի ջեռուցման կաթսան սնող էներգիայի աղբյուր է դառնում:

Միջին մարդը օրական արտազատում է մոտ 500 գրամ կղանք, որը կարող է վերածվել 50 լիտր մեթանի, ասել է բնապահպան-ինժեները: Այս գազը կարող է առաջացնել 0,5 կՎտ էլեկտրաէներգիա կամ օգտագործվել մոտավորապես 1,2 կմ մեքենա վարելու համար:

Չոն նաեւ հորինել է վիրտուալ արժույթ, որը կոչվում է Ggool: Էկոլոգիապես մաքուր զուգարան օգտագործող յուրաքանչյուր մարդ օրական վաստակում է 10 Ggool:

Ուսանողները կարող են արժույթն օգտագործել կամպուսում ապրանքներ գնելու համար` սկսած թարմ սուրճից մինչեւ արագ եփվող լապշա, մրգեր եւ գրքեր:

Ուսանողները կարող են խանութից վերցնել իրենց ուզած իրերը եւ սքանավորել QR կոդը՝ Ggool-ով վճարելու համար:

«Նախկինում ես կարծում էի, որ կղանքը կեղտ է, բայց հիմա դա գանձ է ինձ համար»,- Ggool շուկայի մասին ասել է ասպիրանտ Հո Հուեյցզինը: «Ես անգամ ուտելիս խոսում եմ կղանքի մասին, դրանց շնորհիվ կարող եմ գնել ցանկացած գիրք, որն ուզեմ»: