ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել օրինակ այն ծրարից  ու քվեաթերթիկից, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Նշենք, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս, գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները, որոնք ըստ Զոհրաբյանի թափանցիկ են եղել

Զոհրաբյանի կարծիքով` այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին:

«Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք»,-ասաց Թովմասյանը` դիմելով ԿԸՀ ղեկավարին:

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ ընդգծեց, որ լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին։

Սահմանադրական դատարանի մյուս դատավորները եւս միացան այս առաջարկին: