Ավստրալացի գիտնականները կարողացել են բացատրել տեսողական պատրանքի ֆենոմենը, որի դեպքում մարդիկ տեսնում են դեմքեր, մարդկային ֆիգուրներ եւ կենդանիներ այնտեղ, որտեղ դրանք չկան: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society գիտական պարբերականում:
Ավստրալիայի Սիդնեյի համալսարանից նեյրոկենսաբանները պարզել են, որ դեմքերի պատկերների վերլուծության եւ մշակման դեպքում ուղեղում սկսվում են նույն գործընթացները, որոնք իրական մարդկանց դեմքերի վերլուծության ժամանակ են գործարկվում:
«Էվոլյուցիայի տեսանկյունից, այն առավելությունները, որոնք մենք ստանում ենք, երբեք բաց չթողնելով շրջակա միջավայրում մարդկային դեմքի ներկայությունը, շատ ավելի գերակշռում է սխալների հետեւանքները, երբ ինչ-որ անշունչ առարկաները մենք ընկալում ենք՝ որպես դեմք,-պարզաբանել է առաջատար գիտնականը:-Այդ բարդ սխեմայում կարող են տեղավորվել բազմաթիվ բաներ, ինչը եւ հրահրում է ուղեղում հատուկ նեյրոնային մեխանիզմ, որն ուղղված է դեմքերն արագորեն ճանաչելուն»:
Գիտնականների խոսքով՝ այդ մեխանիզմն ուղեղում գործարկվում է մի քանի միլիվայրկյանի ընթացքում:
Հետազոտողները եկել են եզրահանգման, որ այդ ֆենոմենը մարդու գոյատեւման բնազդի մաս է, որն օգնում է մեզ արագորեն պարզել՝ մեր առջեւ բարեկա՞մ է, թե՞ թշնամի:





























