Բրազիլիայում՝ Դեոդապոլիսի մունիցիպալիտետի տարածքում, մարիխուանայի ռեկորդային խմբաքանակ է առգրավվել (հարավ-արեւմտյան Մատու-Գրոսո-դու-Սուլ նահանգ): Ինչպես իր կայքում հայտնում է Última Hora պարբերականը, բեռնատարի մեջ 36.5 տոննա թմրամիջոց է եղել, որը կանգնեցվել էր ստուգման համար:

«Այս խմբաքանակի [թմրանյութերի] առգրավումը ցույց է տալիս, որ Բրազիլիայի կառավարությունը ճիշտ ուղու վրա է այս տեսակի հանցագործությունների դեմ պայքարում (թմրանյութերի ապօրինի շրջանառություն)»,- մամուլին ասել է Հարավային Ամերիկայի արդարադատության եւ հանրային անվտանգության նախարար Անդերսոն Գուստավ Տորեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մարիխուանայի խոշոր խմբաքանակը թաքնված էր բեռնատարի վարորդի կողմից տեղափոխվող սոյայի  տակ: Ձերբակալությունից հետո նա ոստիկանությանը հայտնել էր, որ թմրանյութը բեռնվել էր Պարագվայի սահմանին մոտ գտնվող Բրազիլիայի շրջաններից մեկում: Նախատեսվում էր այն հասցնել Սան Պաուլու՝ Բրազիլիայի ամենաբազմամարդ մեգապոլիսը:

Մինչ վերջերս մարիխուանայի ամենամեծ խմբաքանակն այն էր, որն անցյալ տարի ոստիկանությունը որսացել էր նույն Մատու-Գրոսո-դու-Սուլում: Այդ ժամանակ իրավապահ մարմիններն առգրավել էին այդ թմրանյութի 33.3 տոննա:

Բրազիլիայի իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում երկրի սահմանամերձ շրջաններում առգրավվել է 870 տոննա թմրանյութ եւ 113 միլիոն տուփ մաքսանենգ ծխախոտ: Հանցագործներից առգրավված անօրինական արտադրանքի ընդհանուր արժեքը սեւ շուկայում հասնում է գրեթե 600 միլիոն դոլարի: