Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թողարկել է մարդու գենոմի խմբագրման նոր հանձնարարականներ՝ կոչ անելով ստեղծել գլոբալ ցանկ՝ «ցանկացած գենետիկ մանիպուլյացիայի հետեւելու» համար եւ առաջարկելով ոչ էթիկական կամ ոչ անվտանգ հետազոտությունների լուսաբանման մեխանիզմ, տեղեկացնում է AP-ը։

ԱՀԿ-ն ստեղծել է փորձագետների խումբ 2018թ. վերջին չինացի գիտնական Հե Ցզյանկույի հայտարարությունից հետո այն մասին, որ նա ստեղծել է աշխարհում առաջին  մանկիկներին՝ խմբագրված գենոմներով։

ԱՀԿ փորձագետների խումբը երկու զեկույցներում հայտարարել է, որ բոլոր հետազոտությունները՝ կապված մարդու գենոմի խմբագրման հետ, պետք է հրապարակվեն։

«Ցողունային բջիջների հետազոտությունների ոլորտում անբարեխիղճ ձեռներեցները եւ կլինիկաները միտումնավոր չարաշահել են կլինիկական փորձարկումների ցանկերը՝ գրանցելով պրոցեդուրաներ, որոնք նրանք նախատեսում են ձեռնարկել, ասես թե դրանք ինչպես կարգն է արտոնված են կլինիկական փորձարկումներով»,- ասել է խումբը՝ ԱՀԿ-ին կոչ անելով ապահովել, որպեսզի գենետիկ խմբագրման բոլոր հետազոտությունները գրանցվեն իրենց տվյալների շտեմարանում, ստուգվեն եւ հաստատվեն էթիկայի հանձնաժողովի կողմից։

Երբ չինացի գիտնականը հայտարարեց, որ փոխել է երկվորյակ մանկիկների ԴՆԹ-ն, որպեսզի նրանք չվարակվեն ՄԻԱՎ-ով, նա ասել էր, որ համալսարանը, որտեղ ինքը աշխատում է, չի իմացել այդ մասին եւ որ նա ինքն է ֆինանսավորել այդ աշխատանքը։ Ավելի ուշ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման «անօրինական բժշկական գործունեության համար»։

ԱՀԿ փորձագետների խումբը նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ գործակալությունը պետք է մշակի գեների խմբագրման հետազոտություններին վերաբերող ցանկացած գործողություն հայտնաբերելու միջոցներ՝ ասելով, որ պետք է մշակել մեխանիզմ «հետազոտությունների ամբողջականության խախտումների մասին տեղեկացնելու համար»։

Փորձագետները խոստովանել են, որ ելնելով այն բանից, որ գեների խմբագրումը դառնում է ավելի էժան ու հեշտ օգտագործման համար, այդ հետազոտությունները մոնիթորինգի ենթարկելու ԱՀԿ հնարավորությունները դառնում են սահմանափակ։