Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` հուլիսի 1-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է «Վիշապի կոթողներ» այգում եւ Նալբանդյան 106 հասցեում կառուցապատման խնդիրներին, որոնց դեմ հասարակությունը բողոքի ակցիաներ է իրականացրել:

Քաղաքապետն իր էջում գրել է. «Բոլոր այդ տարածքների համար նախկինում տրվել է օրինական շինթույլտվություն: Այսօր քաղաքապետարանը բոլոր այդ տեղերում դադարեցրել է աշխատանքները բնակիչների պահանջով, եւ կառուցապատողների հետ տարվում են բանակցություններ, որպեսզի առաջին հերթին բնակիչների շահը պահպանվի եւ օրինականություն ապահովվի: Քննարկվում են նաեւ տարբերակներ՝ կառուցապատողներին այլ տարածքներ առաջարկելու հետ կապված, օրինակ Վիշապի այգին»,- նշել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է Երեւանի կանաչ տարածքներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ կանաչ տարածքների հաշվին որեւէ շինարարություն եւ թույլտվություն իրենց կողմից տրված չկա եւ չի լինելու: «Կանաչապատման մասով արդեն կատարված է բավականաչափ աշխատանք, ներկրվել են մոտ 1000 հատ խոտհնձիչներ, որոնք բաժանվելու են համապատասխան կառույցներին: Մտադիր ենք ներդնել լանդշաֆտային նոր դիզայն, որը էականորեն կփոխի քաղաքի կանաչապատման մշակույթը: Ես համոզված եմ, որ տարեց-տարի մայրաքաղաքի կանաչապատումը դրականորեն փոխվելու է եւ իսկապես ունենալու ենք աչք շոյող միջավայր»,- նշել է  քաղաքապետը: