Հայաստանում օնլայն տաքսիների հավելավճարների գնի բարձրացումը շարունակում է ուղեւորների գրպանին լրացուցիչ ծախս լինել։ «Yandex Go Armenia», «Utaxi», եւ «GG» տաքսի ծառայություններից օգտվողները փաստում են, որ վերջին շրջանում առանց թեյավճարների հնարավոր չէ երթեւեկել, իսկ երթեւեկելու դեպքում էլ գները բարձր են։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը օնլայն տաքսու ծառայությունների հավելավճարների բարձրացումը պայմանավորում է պահանջարկի մեծացումով։

«Պահանջարկը կա, դրա համար էլ առաջարկն այդ ձեւի է։ Եթե նորմալ տրանսպորտ ունենայինք, պարզ է, որ նման խնդիր չէր առաջանա։ Մարդիկ խուսափում են տրանսպորտ նստելուց, նախ տրանսպորտ չկա, երկրորդ՝ գազելներն էս շոգին լեփ–լեցուն են, շատերը չեն ցանկանում այդ խցկված վիճակում տրանսպորտից օգտվել։ Շոգն ու համավարակը մարդկանց դրդում է, որ տաքսիներից օգտվեն, դրա համար էլ պահանջարկը մեծացել  է»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը։

Խցանումներից խուսափելու եւ Ա կետից Բ կետը կարճ ժամանակում հասնելու համար ուղեւորները գերադասում են տաքսիներից օգտվել։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը չի արդարացնում օնլայն տաքսու ծառայությունների որդեգրած «քաղաքականությունը», սակայն, նշում է՝ պահանջարկի մեծացման դեպքում, նրանք ստիպված են հավելավճարը բարձրացնում, որպեսզի «կարողանան գոյատեւել»։

«Եթե առաջ Ա կետից Բ կետը հասնելու համար 15 րոպե էր անհրաժեշտ, հիմա խցանումների մեջ այդ ուղեւորությունը 40 րոպե է տեւում, իսկ վարորդներն էլ այդ ընթացքում ոչ միայն ժամանակ են կորցնում, այլեւ՝ լրացուցիչ վառելիք այրում, դրա համար էլ գները բարձրացնում են, որ իրենց եկամուտը ստանան: Օնլայն տաքսի ծառայությունները պատճառաբանում են, որ չեն կարողանում աշխատել այնպես, ինչպես կաշխատեին մի քանի ամիս առաջ, երբ տեղափոխում էին ավելի շատ ուղեւոր»,– նշեց Կարեն Չիլինգարյանը։

Ըստ նրա՝ վերջին շրջանում վառելիքի թանկացումը եւս կարող է ազդել տաքսիների հավելավճարների գների բարձրացման վրա։