Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում «ԱՊՀ 20- ամյակ. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով միջպետական ցուցահանդեսի շրջանակում այսօր` հուլիսի 1-ին նշվել է Հայաստանի օրը:

Հունիսի 28-ից հուլիսի 3-ն անցկացվող ցուցահանդեսի ընթացքում ԱՊՀ երկրները հանդիսավորապես նշում են իրենց ազգային օրը, որն ուղեկցվում է մշակութային միջոցառումներով: Ցուցահանդեսին մասնակցում եւ իրենց արտադրանքն են ներկայացնում  հիմնականում սննդի արտադրության,  շինարարական, մեքենաշինական ոլորտի մեկուկես տասնյակից ավելի հայկական ընկերություններ: Միջոցառման շրջանակում տեղի կունենա  նաեւ նորարարական համաժողով, որի ընթացքում Զարգացման հայկական գործակալությունը կներկայացնի մի շարք ներդրումային  ծրագրեր:

Ցուցահանդեսի նպատակը ԱՊՀ երկրների միջեւ կառուցողական փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության զարգացումն է, ձեռք բերված արդյունքների ներկայացումը:

Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում մշտապես գործում է  «Արմենիա» առեւտրացուցահանդեսային տաղավարը, որտեղ ներկայացվում է երկրի արդյունաբերական ներուժը, Հայաստանի հարուստ պատմական ժառանգությունը:

Փոխվարչապետի այցի ընթացքում Հայաստանի  Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ստորագրվեց  համաձայնագիր` Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում  ՀՀ  «Արմենիա» առեւտրացուցահանդեսային կենտրոնի տարածքի վարձակալության վերաբերյալ: Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ: