Հրդեհները եւ բրազիլական Ամազոնիայի հասարակածային անձրեւային անտառների անօրինական հատումները հանգեցրել են այն բանին, որ բիոմն ավելի շատ արտադրում, քան թե կլանում է ածխաթթու գազ։ Այսպիսի եզրահանգման է եկել գիտնականների խումբը՝ Լուսիանայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) աշխատակից Վանի Գատիի գլխավորությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով G1 պորտալին։
«Առաջին վատ նորությունն այն է, որ հրդեհները եւ ծառահատումները Ամազոնիան վերածել են ածխածնի արտանետումների աղբյուրի»,- պորտալը մեջբերում է նրա խոսքերը։ Սակայն ուղղակի արտանետումներից բացի, նշում են գիտնականները, կան նաեւ անուղղակիները՝ կապված տեղումների քանակի նվազման եւ ֆոտոսինթեզի պրոցեսի հետեւանքների հետ։
«Ինչպես պարզեցինք, անտառների անհետացումը հանգեցրել է տեղումների նվազման այս շրջաններում առաջին հերթին չոր սեզոնին (օգոստոսից հոկտեմբեր)»,- շարունակում է նա։ Դա իր հերթին հանգեցրել է միջինը երկու աստիճանով ջերմաստիճանի բարձրացման բիոմի հյուսիսարեւելյան մասում եւ երկուսուկես աստիճանով՝ հարավարեւելյան սահմանին, որտեղ գտնվում է այսպես կոչված «անտառազերծման գոտին»։ Արդյունքում՝ դա հանգեցրել է նորմայի համեմատ ածխաթթու գազի արտանետումների մակարդակի բարձրացման։ Գիտնականները հաշվարկել են, որ անտառները տարեկան 0,29 մլրդ տոննայով ավելի ածխածին են արտադրում, քան կլանում են։
Աշխատանքի ընթացքում գիտնականները ստացել եւ մշակել են օդի 590 նմուշ, որ վերցրել են 2010-2018թթ. ընթացքում Ամազոնիայի չորս տարբեր կետերից։ Դրանք տարբեր բարձրություններից (ծովի մակարդակից 300 մետրից մինչեւ 4 420 մետր բարձր) վերցնելու համար օգտագործվել են ինքնաթիռներ։ «Մենք նման եզրահանգում ենք կատարել այն պատճառով, որ ի տարբերություն այլ գիտնականների, որոնք չափում են ածխածնի քանակությունը ծառերի բներում, մենք ածխաթթու գազի քանակը չափում ենք հենց մթնոլորտում։ Իսկ օդում դրա քանակությունը ուղղակի հետեւանքն է այն բանի, ինչ հիմա տեղի է ունենում Ամազոնիայում»,- բացատրում է Գատին։
Էկոլոգների որոնումների եւ նրանց օգտագործած հաշվարկի նորարարական մեթոդիկայի արդյունքներին մանրամասն կարելի է ծանոթանալ Nature գիտական ամսագրի հրապարակման մեջ։
Ամազոնիայի խոնավ մերձարեւադարձային անտառները ամենամեծ արեւադարձային զանգվածն են աշխարհում, որոնք զբաղեցնում են հարավամերիկյան մայրցամաքի մի քանի երկրների տարածքի զգալի մասը։ Բիոմի մակերեսը կազմում է 5,5 մլն քառակուսի մետր, որի մոտ 4,2 մլն-ը պատկանում է Բրազիլիային։ Բրազիլական տարածքում աճում է ծառերի 2,5 հազար տեսակ, ինչը կազմում է աշխարհում ողջ մերձարեւադարձային անտառների մոտ մեկ երրորդը, եւ բույսերի 30 հազար տեսակ (ողջ մայրցամաքի 100 հազար տեսակներից)։ Թռչունների եւ կաթնասունների թիվը կազմում է մոտ 2 հազար։





























