Շրի Լանկայի նախագահ Գոտաբայ Ռաջապակսան կարգադրել է հետաքննություն անցկացնել այն մեղադրանքների վերաբերյալ, ըստ որոնց պետական հետախուզության որոշ պաշտոնյաներ ճանաչել եւ հանդիպել են այն մարդկանց, որոնց գործած ահաբեկչական գործողության ժամանակ 2019 թվականին զոհվել էր ավելի քան 260 մարդ, հայտնել է AP-ն:
Շրի Լանկայի կաթոլիկ եկեղեցին նամակ է գրել նախագահին՝ մտահոգություն հայտնելով այն բանի հետ կապված, թե կառավարությունն ինչպես է կանխում մահապարտ ահաբեկիչների պայթունները եւ խնդրելով հետաքննել հետախուզության աշխատակիցների եւ հարձակումներն իրականացրած խմբի միջեւ ենթադրյալ կապերը:
Երկու մահմեդական խմբեր, որոնք իրենց հավատարմությունն են հայտնել «Իսլամական պետությանը», վեց համաձայնեցված հարձակում են իրականացրել եկեղեցիների եւ հյուրանոցների վրա, որոնց զոհ է դարձել 269 մարդ:
Հանուն արդարության ազգային կաթոլիկ կոմիտեի նամակում մի խումբ եպիսկոպոսներ եւ քահանաներ, Կոլոմբոյի արքեպիսկոպոս կարդինալ Մալքոլմ Ռանջիթի գլխավորությամբ, դատական հետապնդում են պահանջում նախկին նախագահ Մաիտրիպալա Սիրիսենայի նկատմամբ՝ վերջինիս անփութության հետ կապված:
Սիրիսենայի կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի արձագանքել արտաքին հետախուզության կողմից ստացված գրեթե հստակ նախազգուշացումներին առ այն, որ հարձակումն անխուսափելի է:





























