Արդեն հինգ տարի է անցել, ինչ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվել է հետ մղել 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձը, որը, իբր, կազմակերպել է նրա հին ընկերը՝ էքսցենտրիկ հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենը, գրել է DW-ն:
«Էրդողանն օգտագործել է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ փորձելով վերացնել իր կառավարման ճանապարհին հնարավոր խոչընդոտները: Այնուամենայնիվ, Էրդողանն այժմ առավել քան երբեւէ անհանգստանում է իշխանությունը կորցնելու համար:
Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ նա չի կարողանա հաղթել, եթե այսօր նախագահական մրցավազք տեղի ունենա: Աջակցության այդ կորստի հետեւում վերջին հինգ տարիների ընթացքում նրա թույլ տված որոշ սխալներ են, որոնք սովորաբար թույլ են տալիս բռնապետերը:
Արտակարգ դրության պայմաններում՝ պետական հեղաշրջման փորձից հետո, Էրդողանը սկսեց Թուրքիայի քաղաքական պատմության մեջ ամենամասշտաբային հետապնդումները: Տասնյակ հազարավոր մարդիկ՝ զինվորականներ, դատավորներ, դատախազներ, գիտնականներ առանց պատճառի հեռացվեցին աշխատանքից եւ նրանց փոխարինեցին կուսակցության անփորձ համակիրներ:
Լրագրողներ, հեղինակներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ուղարկվեցին բանտեր՝ առանց ազատ արձակման որեւէ հեռանկարի: Քաղաքական գործիչներին՝ ներառյալ նրա մրցակիցներին, արդեն բանտարկել են:
Այս հինգ տարիների ընթացքում Էրդողանը բոլորին, ովքեր խանգարել են իրեն, անվանել է ահաբեկիչներ կամ օտարերկրյա գործակալներ: Ոստիկանությունում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը սովորական բան են դարձել:
Նա նաեւ օգտագործում էր արտակարգ դրությունը՝ լռեցնելու համար քննադատողներին եւ լրատվամիջոցներին, այդ թվում՝ այն լրատվական ալիքին, որտեղ աշխատում էի: Նման դաժանությունը դժվար է անտեսել նույնիսկ Էրդողանի ռեժիմի կողմնակիցների համար:
Էրդողանը գերագնահատեց իր արտաքին քաղաքական լիազորությունները, եւ ամբողջ Թուրքիան բախվեց դրա հետեւանքներին: Ի՞նչ էր նա մտածում ամերիկացի բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնին բանտարկելիս եւ նրան գյուլենական շարժման հետ կապ ունենալու մեջ մեղադրելիս:
Քահանայի ազատման դիմաց Էրդողանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից պահանջեց արտահանձնել Գյուլենին, որը մինչ այժմ բնակվում է Փենսիլվանիայում: Փոխարենը Թուրքիան ստացավ առեւտրային սակագների եւ պատժամիջոցների փոփոխություններ: Մի քանի օրվա ընթացքում թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկավ 40 տոկոսով:
Էրդողանն ընտրեց հարազատների, ընկերների կամ մարդկանց ամենամոտ շրջապատը, ովքեր կկրկնեն միայն այն, ինչ նա սիրում է լսել: Այնպես որ, ոչ ոք չէր կարող մատնանշել նրա սխալները: Նրանց, ովքեր համարձակվում էին խոսել, հեռացնում էին: Մարդիկ, ովքեր շրջապատում էին նրան, կառուցեցին նեպոտիզմի սեփական ցանցերը:
Մաֆիայի նախկին բոսսի բացահայտումները մերկացրել են Էրդողանի ռեժիմի շուրջ հասունացած որոշ ստվերային գործեր՝ ներառյալ գործարարներին գյուլենական լինելու մեջ մեղադրելու սպառնալիքներով շանտաժի ենթարկելը:
Նա շարունակեց կրկնապատկել իր սխալները` երկու տարվա ընթացքում Էրդողանը փոխեց կենտրոնական բանկի երեք տնօրենների, քանի որ նրանք համաձայն չէին նրա դրամավարկային քաղաքականության հետ: Չնայած հետագայում ապացուցվեց, որ նա սխալ է, Էրդողանը շարունակում էր պնդել, որ բարձր տոկոսադրույքները հանգեցնում են անզսպելի գնաճի:
Նրա փեսա Բերաթ Ալբայրաքի նշանակումը ֆինանսների նախարար նույնպես լավ քայլ չէր: Ալբայրաքը դիտում էր, թե ինչպես է կենտրոնական բանկը վաճառում 128 միլիարդ դոլար՝ թուրքական լիրան ամրապնդելու համար, բայց դա չկանխեց արժույթի կտրուկ անկումը: Ի վերջո, ֆինանսական շուկաները ողջունեցին Ալբայրաքի հրաժարականը: Սակայն այդ ժամանակ արդեն ուշ էր լիրան վերականգնելու համար:
Բոլոր բռնակալների նման, Էրդողանը բազմազանությանը արձագանքում է լավագույն դեպքում զայրույթով, բռնությամբ կամ ժխտմամբ: Անկախ նրանից՝ դա քաղաքական այլ կարծիք է, քրդամետ կուսակցություն, ուսանողներ, ֆեմինիստներ, ոստիկանությանը եւ դատական մարմիններին մի քանի անգամ հրահանգվել է դաժանորեն միջամտել: Էրդողանը ժամանակին հեղաշրջման ձախողված փորձը որակել էր որպես «Աստծո պարգեւ»՝ համարելով, որ դա իրեն հնարավորություն է տալիս ամբողջությամբ տիրել պետությանը: Այնուամենայնիվ, նա կատարեց մեկ այլ սխալ, որը անխուսափելիորեն թույլ են տալիս բոլոր բռնապետերը:
Բռնապետերը ինչ-որ պահի կարծում են, որ իրենք անպարտելի են, մինչեւ չեն բախվում անխուսափելիի հետ. բռնապետությունը ապազգայունացված, անջատված համակարգ է... այն նման է սեւ խոռոչի, որը կծկվում է մինչեւ ի վերջո չի վերանում: Էրդողանի դիրքորոշումը հեղաշրջման ձախողված փորձից հետո արագացրել է այս գործընթացը:
Թվում է, թե նախագահը հասել է իրադարձությունների հորիզոնին՝ բռնատիրության անշրջելի կետին:





























