Հանրապետության միակ դաշնակցական քաղաքապետի` Կապան քաղաքի ղեկավար Արտուր Աթայանի թիմը պառակտվում է: Օրերս հրաժարական է տվել նրա տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, ով քաղաքապետի կուսակցական ու մտերիմ ընկերներից է:
Ինքը`Գ. Ղահրամանյանը, հրաժարականը բացատրում է ժամանակի սղությամբ, այսուհետ զբաղվելու է կուսակցական գործերով: Օրերս աշխատանքից ազատվել էր նաեւ քաղաքաշինության եւ ճարտարապետության պատասխանատու Վիլեն Բադալյանը: «Սյունյաց երկիր» պարբերաթերթի տվյալներով, «փոխքաղաքապետի ոչ պակաս առեղծվածային հրաժարականը կապված է ֆինանսական բնույթի մի քանի մութ գործերի հետ»:
«Իբր այդ տանդեմը հաջողել է թյուրիմացության մեջ գցել քաղաքապետին եւ ապօրինի ինչ-որ հողահատկացում կորզել, իբր այդ երկյակն արհեստական խոչընդոտներ է հարուցել Շահումյան փողոցում կառուցվող զբոսայգու շինարարությանը»,-մարզային թերթի տեղեկությունն է մեջբերում «Հրապարակ»-ը:
Նշենք, որ Կապանի փոխքաղաքապետ է նշանակվել քաղաքապետի մեկ այլ ընկեր` կոմունալ տնտեսության արդեն նախկին պետ Վարդան Գեւորգյանը:




























