Օրաթերթը զրուցել է ՀՀ նախկին զինդատախազ, Հ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ անդամ Գագի Ջհանգիրյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:

Առաջին նախագահը հանրահավաքի ժամանակ իր ելույթում խոսեց կոնկրետ սպանությունների բացահայտումից: Անգամ այն վարկածով, որոնք իշխանութոյուններ են առաջ քաշել` քաղաքական ենթատեքստով, հնարավոր չէ՞ր թեկուզ ձեւի համար մի քանի սպանություններ բացահայտել, մի քանի մեղավորի կանգնեցնել դատարանի առաջ`ցույց տալու համար, որ աշխատում են:

Հնարավոր է, բայց այստեղ խնդիրը նորից այն է, որ ոչ թե ՀՔԾ-ի այդ քննչական խումբը այնքան անգրագետ է, այնքան գործից անտեղյակ է, որ չի կարողանում ասենք հատուկ միջոցներ կիրառած ենթասպաներին քրեական պատասխանատվության ենթարկել, այլ այդպիսի թույլտվություն նրան տրված չէ: ՀՔԾ-ն, Գլխավոր դատախազությունը պետք է սանկցիա ունենա:

Ինչո՞ւ այդպիսի թույլտվություն չունեն, կոնկրետ հրաման կատարողներին ենթարկել քրեական պատասխանատվության: Շատ պարզ պատճառով, որ այդ մասին նշեց նախագահը իր ելույթում` ոչ ոք իր վրա այդ սպանությունը չի վերցնի, որովհետեւ այդ ենթասպան շատ արագ կտա այն սպայի անունը, որը իրեն հրամայել է կրակել, այդ սպան կտա իր վերադաս սպայի անունը եւ այսպես մինչեւ այն ժամանակվա գործող նախագահը:  Այդ իսկ պատճառով այս իշխանությունը չի կարող բացահայտել այդ սպանությունները: