Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում որոշ շրջաններում կմտցվեն սահմանափակումներ, այդ թվում պարետային ժամ՝ կորոնավիրուսի տարածման տեմպերի ավելացման հետ կապված։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է  Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Քլեման Բոնը BFM հեռուստաալիքի եթերում։

«Դա հնարավոր է»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նրա խոսքով՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ի հեռուստատեսային դիմումում նշել է, որ կարանտինային սահմանափակումներ մտցնելու իրավունքներ կունենան ֆրանսիական մարզերի պրեֆեկտները։ «Միջոցները պետք է համապատասխանեն իրավիճակի ծանրությանը»,- ընդգծել է պետքարտուղարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Համաճարակը հաղթահարելու միակ հնարավորությունը պատվաստումն է»,- հիշեցրել է նա։

Հուլիսի 18-ին հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ մեկ օրում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 12 հազար նոր դեպք։ Ինչպես նշում են փորձագետները, այդ ցուցանիշը վկայում է երկրում համաճարակի նոր բռնկման մասին։

Համաձայն իշխանությունների վերջին տվյալների՝ համավարակի սկզբից Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,8 մլն դեպք։ Դրա զոհ է դարձել ավելի քան 111 հազար մարդ։ Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկությամբ՝ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 36 մլն մարդ։