Հայիթիի իշխանությունները հաստատել են երկրի նոր կառավարության կազմը՝ Արիել Անրիի գլխավորությամբ, որին նախագահ Ժովենել Մոիզը նշանակել էր վարչապետի պաշտոնում իր սպանությունից երկու օր առաջ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է հանրապետության Monitor պաշտոնական թերթում, հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Կառավարության անդամներ. Արիել Անրի՝ վարչապետ», - ասվում է տեքստում: «Վարչապետի նախագահությամբ նախարարների խորհուրդը գործադիր իշխանություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել»:

Անրին կաշխատի նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը Մոիզի սպանությունից հետո նոր կաբինետում ստացել է արտաքին գործերի եւ կրոնական գործերով նախարարի պաշտոնը: Հայիթիի կառավարության թվիթերյան էջում հաղորդվում է, որ դրա անդամների երդմնակալության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ հուլիսի 20-ին, մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, ժամը 15:00-ին:

The Washington Post-ի հետ հարցազրույցում, որը ավելի վաղ է տպագրվել, Ժոզեֆը հայտարարել էր կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին: Ըստ նրա՝ հեռանալու որոշումը կայացվել է «երկրի բարօրության համար»՝ Անրիի հետ բանակցությունների արդյունքում:

Նախագահի սպանությունից հետո Ժոզեֆը ստանձնել է երկրի կառավարումը: Մոիզի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Անրին հայտարարել է, որ հենց ինքը պետք է կառավարի հանրապետությունը մինչեւ նոր ընտրությունները՝ նշելով, որ  լիարժեք չի համարում ներկայիս կառավարությունը: Հայիթիում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին, անհրաժեշտության դեպքում նոյեմբերի 21-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

Մոիզը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ին՝ նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Վիրավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը: Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով ռազմական դրություն է մտցրել: