Ֆրանսիական Թուլոն քաղաքի դատախազությունը գործ է հարուցել գովազդային վահանակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ադոլֆ Հիտլերի տեսքով պատկերելու համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France Bleu-ին։

Ռադիոյի տվյալներով՝ հետաքննությունն սկսվել է երեքշաբթի, օրերս Թուլոնում եւ Լա Սեն սյուր Մեր կոմունայում ֆոտոմոնտաժի հայտնվելու կապակցությամբ։ Մակրոնը պատկերված է Հիտլերի կերպարանքով, կողքին սպիտակ տառերով կարմիր ֆոնին գրված է. «Ենթարկվիր։ Պատվաստվիր»։ Կողքին գրված է նաեւ LREM հապավումը (Մակրոնի կուսակցության անվանումը՝ «Առա՛ջ, Հանրապետություն»)։

Միջադեպի հետաքննությամբ զբաղվում է Թուլոնի ոստիկանության բաժանմունքի անվտանգության ծառայությունը։ Զրպարտության մեղադրանքով գործը հարուցվել է պատկերի հեղինակի դեմ։ Ինչպես նշում է ռադիոն, անցած հանգստյան օրերին գովազդային վահանակներից մեկին հայտնվել է մակագրություն սեւ գույնով՝ «խայտառակություն» բառը գլխատառերով։

Շրջանի թերթի՝ Var-Matin-ի տվյալներով՝ ծաղրանկարի հեղինակ, տեղի ակտիվիստ Միշել Անժ Ֆլորին հայտնի է նման ակցիաներով։ Նա այդ կերպ ցանկացել է ծաղրել Ֆրանսիայում սանիտարական անցագրերը եւ բուժաշխատողների պարտադիր պատվաստումը, նշում է պարբերականը։

Անցած շաբաթ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Փարիզում, տեղի են ունեցել բողոքի ցույցեր սանիտարական անցագրեր մտցնելու գործելակերպն ընդլայնելու եւ բուժանձնակազմի պարտադիր պատվաստման դեմ։