Գյուղի նախկին ուսուցիչ Պեդրո Կաստիլյոն հաղթել է Պերուի նախագահական ընտրություններում, հայտնել է Euronews-ը: «Ազատ Պերու» ​​ձախակողմյան կուսակցության թեկնածու Կաստիլյոն ստացել է ձայների 50.12 տոկոսը: Երկրի նախագահ Ֆրանցիսկո Սագաստին պաշտոնապես շնորհավորել է իր իրավահաջորդին հաղթանակի կապակցությամբ:

Եվրամիության եւ ԱՄՆ-ի իշխանությունները նույնպես ճանաչել են ընտրությունների արդյունքները. Վաշինգտոնում դրանք որակվել են որպես «տարածաշրջանում ժողովրդավարության օրինակ»:

Նախագահական ընտրությունները, որոնց առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 11-ին` երկրում առկա խոր տնտեսական խնդիրների պատճառով, առանձնացել են հասարակության բեւեռացման բարձր աստիճանով եւ քաղաքական պայքարի սրմամբ: Առաջին փուլի արդյունքներով՝ Անդեսի աղքատ լեռնային շրջանից անհայտ ուսուցիչ Պեդրո Կաստիլյոն անսպասելի հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների 16.1 տոկոսը: Վիճակագրական տվյալներով՝ նրան աջակցում են երկրի ամենաաղքատ գյուղական բնակավայրերը: 11.9 տոկոս արդյունքով՝ երկրորդ տեղը բաժին է հասել «Ժողովրդական ուժ» աջ պահպանողական կուսակցության թեկնածու Կեյկո Ֆուխիմորիին:

Հուլիսի 6-ին կայացած ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է երկու թեկնածուների համարյա հավասար արդյունքներով, ինչը հանգեցրել է պարտված «Ժողովրդական ուժ» կուսակցության հինգ բողոքարկումներով: Երկուշաբթի՝ հուլիսի 19-ին, ընտրական հանձնաժողովը մերժել է դրանցից վերջինը, իսկ Կեյկո Ֆուխիմորին պաշտոնապես ընդունել է պարտությունը:  

Կաստիլյոն Պերուի նախագահի պաշտոնը ստանձնելու է հուլիսի 28-ին: Նոր առաջնորդը նախատեսում է ավելացնել առողջապահության եւ կրթության ֆինանսավորումը, բարձրացնել հանքարդյունաբերական բիզնեսի հարկերը եւ վերադարձնել մահապատիժը: Ապագա նախագահը խոստանում է երկրում կառուցել ավելի արդար, մարդասեր եւ ինքնիշխան հասարակություն: