Մեծ Բրիտանիան մշտական հիմունքներով երկու ռազմանավ կտեղակայի Ասիայի ջրերում այն բանից հետո, երբ նրա «Թագուհի Եղիսաբեթ» ավիակիրը եւ ուղեկցող նավերը Ճապոնիա կմեկնեն, հայտնում է Reuters-ը:

«Հարվածային խմբի առաջին տեղակայումից հետո, այս տարվա վերջից Միացյալ Թագավորությունը մշտապես երկու նավ կուղարկի տարածաշրջան»,- ճապոնացի իր գործընկեր Նոբուո Կիշիի հետ համատեղ հայտարարությունում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:

Ճապոնիա հասնելուն պես «Թագուհի Եղիսաբեթը» եւ նրան ուղեկցող նավերը կբաժանվեն ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ռազմածովային կայաններում նավահանգիստներ առանձին մուտք գործելու համար:

Լինելով ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը՝ Ճապոնիան ԱՄՆ ռազմական ուժերի ամենամեծ կենտրոնացման վայրն է:

F-35B անտեսանելի կործանիչներ տեղափոխող բրիտանական ավիակիրը կանգ կառնի Յոկոսուկայում, որտեղ գտնվում են ճապոնական ռազմածովային ուժերի հրամանատարությունը եւ ԱՄՆ-ի «Ռոնալդ Ռեյգան» ռազմանավը:

Բրիտանական նավերը մշտական բազա չեն ունենա, հայտարարել է Տոկիոյում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը:

«Թագուհի Եղիսաբեթ» նավին ուղեկցում են ԱՄՆ-ից եւ Նիդեռլանդներից երկու կործանիչներ, երկու ֆրեգատներ, երկու օժանդակ նավեր՝ ԱՄՆ-ից եւ Նիդեռլանդներից: Այն Ճապոնիա կժամանի Հարավչինական ծովով:

Մեծ Բրիտանիայի տարածաշրջանային աճող ներգրավվածության մեկ այլ նշան է այն, որ երկիրը, ի վերջո, կտեղակայի նաեւ Littoral Response Group-ը՝ ծովային հետեւակայինների ստորաբաժանումը, որը պատրաստված է առաքելություններ իրականացնելու համար, ներառյալ տարհանման եւ հակաահաբեկչական գործողությունները: