Մոտ 200 ամերիկացիներ հայտնել են, այսպես կոչված, «Հավանայի համախտանիշի» հնարավոր ախտանիշների մասին, այդ թվում՝ անցյալ շաբաթ հայտնաբերված նոր դեպքերը Վիեննայում:

Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաները արտասահմանից ստանում են հեռագրեր, որոնք հայտնում են «Հավանայի համախտանիշի» հավանական նոր դեպքերի մասին, NBC News-ին հայտնել է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այժմ հիվանդության հնարավոր դեպքեր կան բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայի, ընդ որում՝ հնարավոր դեպքերի գրեթե կեսը վերաբերում է ԿՀՎ աշխատակիցներին կամ նրանց հարազատներին։ Մոտ 60 դեպքեր վերաբերում են պաշտպանության նախարարության պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին, իսկ մոտ 50-ը կապված են Պետդեպարտամենտի հետ:

Ըստ պաշտոնյայի՝ թեեւ երեւույթը գլոբալ բնույթ է կրում, Եվրոպայում հիվանդացության անհամամասնական շատ դեպքեր կան:

ՀԴԲ-ի ներկայիս եւ նախկին բազմաթիվ գործակալներ եւ աշխատակիցներ նույնպես հայտնել են ախտանիշների մասին արտերկրում գտնվելու ընթացքում, հատկապես Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում, ընդ որում՝ նրանցից ոմանք ավելի քան 10 տարի առաջ են եղել Վիեննայում:

Ըստ NBC-ի, վերջերս Բեռլինում տեղի է ունեցել միջադեպ, որի միասին նախկինում չի հաղորդվել։ Արդյունքում Գերմանիայում առնվազն մեկ դիվանագետի պաշտոնավարման ժամկետը շուտ է ավարտվել:

«Հավանայի համախտանիշը» առաջին անգամ հայտնվել է 2016 թվականին՝ Կուբայում ԱՄՆ դեսպանատանը աշխատակիցների խորհրդավոր հիվանդությունից հետո: Ոմանք ստիպված են եղել մի քանի ամիս հիվանդանոցային բուժում ստանալ, մյուսները գլխուղեղային վնասվածք են ունեցել:

Հիվանդության պատճառն անհայտ է, թեեւ ոմանք կարծում են, որ դա տեղի է ունեցել ռադիոալիքային զենքի օգտագործմամբ գրոհի պատճառով:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը NBC-ին հայտնել է, որ Պենտագոնը «ակտիվորեն զբաղվում է այս հարցով՝ Ազգային անվտանգության խորհրդի կողմից անցկացվող միջգերատեսչական գործընթացի միջոցով` առողջական անոմալ խանգարումները վերացնելու համար, եւ լիովին հետեւողական է թե՛ պատճառի, թե՛ աղբյուրի բացահայտման հարցում»: