Պետությունների եւ կառավարությունների 14 ղեկավարների հեռախոսները դարձել են Pegasus լրտեսական ծրագրային ապահովման զոհը։ Ինչպես գրում է Washington Post-ը, հարյուրավոր քաղաքական գործիչներ եւ կառավարական պաշտոնյաներ դարձել են հետապնդման թիրախներ լրտեսական ԾԱ միջոցով, որը ստեղծել է իսրայելական NSO ընկերությունը։ Դրանց թվում են երեք նախագահ, 10 վարչապետ եւ մեկ թագավոր։

Ցուցակում հայտնվել են երեք գործող նախագահներ՝ Էմանուել Մակրոնը (Ֆրանսիա), Բարհամ Սալիհը (Իրաք) եւ Սիրիլ Ռամաֆոսան (ՀԱՀ)։ Երեք ներկայիս վարչապետ՝ Իմրան Խան (Պակիստան), Մոսթաֆա Մադբուլի (Եգիպտոս) եւ Սաադ Էդդին էլ Օսմանի (Մարոկո)։

Յոթ նախկին վարչապետ, որոնք, համաձայն ցուցակում ժամանակային նշումների, մտցվել են այդտեղ այն ժամանակ, երբ դեռ իշխանությունում էին. Ահմեդ Օբեյդ բին Դաղր (Եմեն), Սաադ Հարիրի (Լիբանան), Ռուհաքանա Ռուգունդա (Ուգանդա), Էդուարդ Ֆիլիպ (Ֆրանսիա), Բաքթիժան Սագինտաեւ (Ղազախստան), Նուրեդդին Բեդուի (Ալժիր) եւ Շառլ Միշել (Բելգիա)։ Ինչպես նաեւ Մարոկոյի թագավոր Մուհամեդ VI։

Ցուցակում ընդամենը 34 երկրի 600 պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների հեռախոսահամարներն են։ Դրանց թվում են Աֆղանստանի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բութանի, Չինաստանի, Կոնգոյի, Եգիպտոսի, Հունգարիայի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Քուվեյթի, Մալիի, Մեքսիկայի, Նեպալի, Կատարի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տոգոյի, Թուրքիայի, ԱՄԷ, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ պաշտոնական անձանց հեռախոսահամարներ։