Մոսկվան պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու համար ագրեսիա Տաջիկստանի դեմ, դրա համար ռուս զինվորականները հանրապետության 201-րդ ռազմակայանում իրականացնում են պլանային եւ արտապլանային վարժանքներ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թույլ չտալու համար ագրեսիա կամ տարածքային սադրանքներ ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգուն համապատասխան»,- ասել է Ռուդենկոն ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։
«Հանրապետությունում 201-րդ ռազմակայանի ռուս զինվորականները իրականացնում են պլանային եւ արտապլանային մարտավարական վարժանքներ»,- ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նա ավելացրել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնություն ցուցաբերել հետագայում Տաջիկստանի պաշտպանունակության ամրապնդման հարցում։
«Մենք, անշուշտ, կշարունակենք օգնություն ցուցաբերել Տաջիկստանի պաշտպանունակության ամրապնդման գործում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ տաջիկ-աֆղանական սահմանի ամրապնդման վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. սեպտեմբերի 23-ի որոշման կատարման՝ ՀԱՊԿ հարավային սահմանների անվտանգության ապահովման կարեւոր գործիքի շրջանակում։
Աֆղանստանում ընթանում է դիմակայություն կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման գրոհայինների միջեւ, որոնք տիրել են զգալի տարածքների գյուղական շրջաններում եւ հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ։ Անկայունությունն Աֆղանստանում խորանում է ԱՄՆ վարչակազմի խոստումների ֆոնին՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը ավարտել զորքերի դուրսբերումն աֆղանական հողից։ 2020թ. Վաշինգտոնը եւ «Թալիբանի» ներկայացուցիչները Դոհայում ստորագրեցին պատերազմի ավելի քան 18 տարվա մեջ առաջին հաշտության համաձայնագիրը։ Այն նախատեսում է օտարերկրյա զորքերի դուրսբերում Աֆղանստանից 14 ամսում եւ միջաֆղանական երկխոսություն գերիների փոխանակումից հետո։





























