Կորոնավիրուսի համավարակը տարածվել է նրանց շրջանում, ովքեր չեն պատվաստվել, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ամեն ինչ պարզ է. մեզ մոտ համավարակը նրանց շրջանում է տարածվել, ովքեր չեն պատվաստվել, ահա այսքան պարզ»,- ասել է Բայդենը քաղաքացիների հետ CNN-ի կազմակերպած շփման ընթացքում։

Նա ընդգծել է, որ պնդումը պարզ է եւ հիմնավոր. «Եթե պատվաստված ես, չես հոսպիտալացվի, չես մահանա»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերջերս կորոնավիրուսից մահացած 10 000 մարդկանցից 9 950-ը պատվաստված չի եղել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նա հույս ունի, որ շուտով կարելի կլինի պատվաստել նաեւ 12 տարեկանից փոքր երեխաներին։ «Ես գիտնականներին չեմ ասում, թե ինչ անեն»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ պատվաստման մասին որոշումը երեխաների համար կընդունվի, երբ դրա համար բավարար հիմքեր լինեն։

Նրա խոսքով՝ երեխաների համար պատվաստանյութերի օգտագործմանը հավանությունը կարող է տրվել ուսումնական տարվա սկզբին։