Ցուցարարները դուրս են եկել բրազիլական մի քանի քաղաքների փողոցներ, որպեսզի պահանջեն իմպիչմենթի ենթարկել ծայրահեղ աջ նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որի ժողովրդականությունը վերջին շաբաթներին ընկել է՝ համավարակի ֆոնին կոռուպցիոն սկանդալների պատճառով, գրում է U.S. News-ը։

Բոլսոնարուի ղեկավարության օրոք COVID-19-ից ավելի քան 500 000 բրազիլացի է մահացել: Նախագահին լայնորեն քննադատում են այս հիվանդության լրջությունը ժխտելու, դիմակների ու սոցիալական հեռավորության միջոցների դեմ արտահայտվելու համար:

Ներկայումս Բոլսոնարուի գործը գտնվում է Սենատում, որը հետաքննում է կորոնավիրուսի դեմ հնդկական պատվաստանյութ գնելու հետ կապված կոռուպցիայի հավանականությունը:

Բրազիլիայի ներկայիս նախագահը պատրաստվում է հաջորդ տարի վերընտրվել այն մրցապայքարում, որում, հավանաբար, կբախվի իր քաղաքական թշնամու՝ նախկին ձախ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ: Սոցհարցումները ներկայումս ցույց են տալիս, որ Բոլսոնարուն պարտվում է Լուլային: