1994 թվականի հրադադարի կնքմանը 1992 թվականից սկսած՝ նախորդել է շուրջ
19 փաստաթղթերի ստորագրում. դա այն ժամանակ էր, երբ Հայաստանը դարձավ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի անդամ։ Նման հիշեցմամբ մայիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով 16 տարի առաջ այս օրը կնքված հրադադարի մասին։
Նրա խոսքով, Մինսկի խումբը, որ 90-ականներին կոչվում էր Մինսկի կոնֆերանս, հենց սկզբից աշխատել է զինադադարի կնքման ուղղությամբ։ «Հենց այդ ժամանակ նորանկախ Հայաստանը ունեցավ Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հայացքները ճշտելու հնարավորություն։ 1992-ի հունվարի 6-ին, ընդունելով անկախության հռչակագիրը, Ղարաբաղն արդեն իսկ կայացել էր իր բոլոր ընտրյալ եւ նշանակված մարմիններով, եւ հենց այդ ժամանակվանից Ադրբեջանը հայտարարեց, որ Ղարաբաղն իր անքակտելի մասն է, եւ որ ինքը այս հարցում որեւէ զիջման չի գնալու։ Իսկ Հայաստանը լռելյայն համաձայնությամբ ընդունեց, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի հանրապետության կազմում է։ Փաստորեն ղարաբաղյան հարցի փակուղային իրավիճակի համար որոշակի պատասխանատվություն կրում է նաեւ Հայաստանը»,- նշեց Ալավերդյանը։
«Ժառանգության» պատգամավորի խոսքով, առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության՝ հիմնախնդրի որեւէ լուծում հնարավոր չէ։ «Իրավիճակից ամենավատ լուծում կարող է լինել պատերազմը, որը հավասարապես աղետալի կլինի երկու կողմերի համար էլ»,- համոզմունք հայտնեց Լարիսա Ալավերդյանը՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանին պատերազմ սկսելու մտքից հետ է պահում այն համոզմունքը, որ ինքը պատերազմում հաղթելու քիչ հնարավորություններ ունի. «Սակայն քանի դեռ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի աշխատանքները հաճախ անարդյունավետ ենք համարում, պատերազմական իրավիճակը տարածաշրջանում քիչ հավանական է»,- շեշտեց պատգամավորը՝ նկատելով, որ բանակցային ներկայիս ընթացքը հարցի լուծման չի կարող հանգեցնել։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, լրանում է հրադադարի կնքման 16-ամյակը։




























