«Բարսելոն» ակումբը 20-րդ անգամ հռչակվել է Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոն:
Կատալոնյան թիմը երկրորդ անգամ անընդմեջ տիրանում է բաղձալի գավաթին՝ իրենից ետ թողնելով իսպանական ֆուտբոլի մեկ այլ գրանդ ակումբի՝ Մադրիդի «Ռեալին»:
Վերջին՝ 38-րդ տուրից առաջ «Բարսելոնը» «Ռեալին» գերազանցում էր միայն մեկ միավորով, եւ չեմպիոնական տիտղոսին տիրանալու համար պետք է հաղթեր «Վալյադոլիդին»: Ինչն էլ կապտանռնագույնները փայլուն իրականացրին՝ 4:0 հաշվով ջախջախելով մրցակցին: Գոլերի հեղինակներ դարձան «Վալյադոլիդի» պաշտպան Լուիս Պրիետոն (ինքնագոլ), Պեդրո Ռոդրիգեսը եւ Լիոնել Մեսսին՝ երկու անգամ:
«Ռեալը» «Մալագայի» դաշտում չկարողացավ հաղթահարել մրցակցի դիմակայությունը եւ ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը:
Այսպիսով, Իսպանիայի բարձրագույն խմբից դուրս մնացին երեք ակումբներ՝ «Վալյադոլիդը», «Տեներիֆեն» եւ «Խերեսը»:
Իսկ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն դարձավ «Բարսելոնի» գերաստղ Մեսսին՝ 33 անգամ խոցելով մրցակիցների դարպասները:



























