Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում զինյալները սպանել են 3 եւ առեւանգել 20 մարդու, այդ թվում՝ 15 դպրոցականների, հայտնում է AFP-ն:

Փրկագնի դիմաց մարդկանց զինված առեւանգումներն այժմ գրեթե ամենօրյա վերնագրեր են դարձել Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկրում՝ յոթ տարի անց այն բանից հետո, երբ «Բոկո Հարամ» ծայրահեղականները ցնցեցին աշխարհը` Չիբոկայի դպրոցներից առեւանգելով 276 աղջիկների:

Արեւմտաաֆրիկյան երկրի հյուսիսում եւ կենտրոնում հանցավոր խմբավորումների թիրախ դարձած դպրոցները սովորաբար գտնվում են հեռավոր շրջաններում, որտեղ աշակերտներն ապրում են հանրակացարաններում:

Բակուրայի գյուղատնտեսական եւ անասնաբուժական քոլեջի վրա հարձակման ժամանակ զինյալները սպանել են ոստիկանի ու անվտանգության երկու աշխատակիցների եւ «առեւանգել են 20 մարդու, այդ թվում՝ 15 աշակերտի»: Մյուս հինգ առեւանգվածները աշխատակիցներ եւ ընտանիքի անդամներ են:

ՄԱԿ-ի գնահատականներով՝ դեկտեմբերից Նիգերիայում առեւանգվել է առնվազն 950 դպրոցական: Նրանցից շատերն ազատ են արձակվել տեղական իշխանությունների հետ բանակցություններից հետո, թեեւ ոմանք դեռ գերության մեջ են:

Վերջին զանգվածային առեւանգումը տեղի էր ունեցել հուլիսին, երբ զինյալները առեւանգել էին Կադունա նահանգի Վեթելի բապտիստական միջնակարգ դպրոցի 121 աշակերտների:

Զինված հանցավոր խմբավորումները տարիներ շարունակ ահաբեկում են տարածաշրջանի համայնքներին: Նրանք սովորաբար հարձակվում են գյուղերի վրա ՝ թալանելու, սպանելու եւ անասուն գողանալու համար: