Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Թուրքական NTV-ի փոխանցմամբ` Էգեմեն Բաղըշի հետ ճաշի սեղանի շուրջ հավաքվել էին Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը, Թուրքիայի հրեաների րաբբի Իցհակ Հալեւան եւ ասորական համայնքի ներկայացուցիչներ:

Թուրք նախարարը իր հանդիպմանը նշել է, որ ազգային փոքրամասնությունները` Թուրքիայի հարստություններն են եւ հիշեցրել է Էրդողանի վերջին հրամանագիրը` մամուլով եւ հեռուստատեսությամբ հակահայկական, հակահրեական եւ հակահունական արտահայտություններ անողների հանդեպ իրավական գործընթաց սկսելու մասին: