Շաբաթ երեկոյան՝ ժամը 22.10-ին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել Մարգահովիտ գյուղի բնակիչներ` 1986 թ. ծնված Ռուզաննա, 1983 թ. ծնված Սյուզաննա ու 1996 թ. ծնված Արշավիր Գ.-երը եւ 1965 թ. ծնված Սիլվա Բ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորվել են Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի թիվ 49 հասցեում գտնվող «Գրին Պլազա» մթերային խանութից գնված «Էկլեր» թխվածք ուտելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.40-ին, նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Դարպաս գյուղի բնակիչներ` 2006 թ. Աշոտ Ղ.-ն, 1962 թ. ծնված Անի Կ.-ն, 1986 թ. ծնված Տաթեւիկ Ա.-ն եւ 2008 թ. ծնված Անժելիկա Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույնպես թունավորվել են «Էկլեր» թխվածք ուտելու հետեւանքով, որը գնել են Վանաձոր քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող մթերային խանութից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: