Հայաստանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են բողոքի ցույց անցկացնել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ՝ մանկապիղծ ուսուցչի նկատմամբ կայացրած ոչ իրավաչափ վճիռ համար:

Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 26-ին կայացավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննության առաջին նիստը՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ: «Մեղադրյալը տարիների ընթացքում շարունակաբար անչափահասների նկատմամբ իրականացրել է անառակաբարո գործողություններ, սակայն վերջին նիստի ժամանակ որոշվեց իրականացնել արագացված դատաքննություն (որի արդյունքում պատիժը կիսով չափ կկրճատվի), նաեւ դատախազը որպես պատիժ ներկայացրեց 1 տարի եւ 6 ամիս դատապարտում, որը, մեր կարծիքով, նման հանցագործության համար բավականին մեղմ պատիժ է»,- նշել են հայտարարության հեղինակները եւ կոչ արել մայիսի 19-ին ժամը 13:30 հավաքվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ՝ պահանջելով, որ մեղադրյալի նկատմամբ սահմանվի առավելագույնս խիստ պատիժ:

«Ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է „Երեխաների իրավունքների պաշտպանության մասին“ ՄԱԿ-ի Միջազգային կոնվենցիան: Սակայն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնությունների նկատմամբ մեր այսպիսի անտարբեր վերաբերմունքով եւ մեղմ դատավճռով մենք ցույց ենք տալիս, որ մեր երկիրը հանդուրժում է պեդոֆիլիան եւ սեռական բռնությունը»,- նշել են հայտարարության հեղինակները: