Այսօր՝ մայիսի 17-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է չեխական պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Յան Ֆիշերի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ իր այցը եւս մեկ դրական քայլ կլինի հայ-չեխական հարաբերությունների սերտացման գործում։
ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Որպես առաջնահերթ ուղղություններ` նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքահումքային եւ քիմիական արդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի կառուցման, կրթության, երիտասարդության եւ սպորտի, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Տիգրան Սարգսյանը մատնանշել է մշակութային կապերի զարգացման եւ սերտացման անհրաժեշտությունը, որն անպայման ծառայելու է բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Կողմերը կարեւորել են այսօր Երեւանում բացված հայ-չեխական գործարար համաժողովի դերը համագործակցության նոր ոլորտների բացահայտման առումով։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության խորացման մանրամասներ։ Մասնավորապես՝ ՀՀ վարչապետը կարեւորել է Եվրոպական հարեւանության «Թվինինգ» գործիքի օգնությամբ չեխական փորձի փոխանցումը ՀՀ կառավարման մարմիններին։
Երկու երկրների վարչապետներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը եւ նշել. «Մեզ համար չափազանց կարեւոր է Ղարաբաղի հարցի կարգավորման գործում մեր չեխ գործընկերների հավասարակշռված մոտեցումը եւ այն հանգամանքը, որ նրանք նույնպես գտնում են, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների գործընթացն այն միջոցն է, որը հնարավորություն կտա խաղաղ ճանապարհով կարգավորել այս հարցը»։
Հանդիպման ավարտից հետո ստորագրվել են փաստաթղթեր`միջպետական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» եւ միջկառավարական «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին»։




























