«Եթե Հայաստանը դրական պատասխան տա ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններին, եւ դրա հիման վրա սկսվի հայկական զինված ուժերի դուրսբերման գործընթացը „բռնազավթված“ ադրեջանական տարածքներից, ապա Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ բոլոր սահմանները։ Այս կերպ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար միջոցներ կապահովվեն»,-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ալիեւի խոսքով, Ադրբեջանը որոշ վերապահումներով ընդունել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ կապված Մադրիդյան նորացված սկզբունքների հետ։ «Նմանօրինակ քայլի սպասում ենք նաեւ հայկական կողմից»,- ասել է Ալիեւը։ Նրա խոսքով, չնայած այն բանին, որ միջնորդները իրենց առաջարկությունները ներկայացրել են վեց ամիս առաջ, հայկական կողմը դեռեւս չի պատասխանել դրանց։ «Մենք սա ընկալում ենք որպես Հայաստանի կողմից ժամանակի ձգձգում, ինչը գործընթացը կարող է հավերժ դարձնել։ Բայց մենք նման բան չենք հանդուրժի»,- նշել է Ալիւեւը։

Թուրքիայի վարչապետն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վճռականություն ցուցաբերի։ «Մենք այդ հարցը քննարկել ենք ինչպես Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի հետ։ Այսուհետ էլ ուշադիր ենք լինելու հարցին, քանի որ չենք կարող նշանակություն չտալ Ադրբեջանի համար կարեւոր այս խնդրին»,- հայտարարել է Էրդողանը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել խորհրդային անվտանգության ուժերի (ՊԱԿ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը հանգեցրեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար։ Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերի պահանջները՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։