ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ինչպես գրում է «Էխո Մոսկվին», Խոդորովսկին այս կերպ դժգոհությունն է հայտնում իր կարծիքով իրեն ապօրինաբար անազատության մեջ պահելու դեմ։

Նրա խոսքով, դատախազությունը եւ դատարանը անտեսել են Պետդումայի եւ նախագահի կողմից ընդունված 108-րդ հոդվածի լրացումները։ Խոսքն այն մասին է, որ տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվողների դեպքում չի կարող ձերբակալություն կիրառվել:

Խոդորկովսկին եւ ՄԵՆԱՏԵՊ-ի ղեկավար Պլատոն Լեբեդեւը 2005-ին դատապարտվել էին ութ տարվա ազատազրկման՝ մեքենայություններ գործելու եւ հարկերից խուսափելու համար։ 2006-ին նավթ հափշտակելու համար նրանց առաջադրվել էր երկրորդ մեղադրանքը։