Մայիսի 17-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17-17.30-ի սահմաններում տեղացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով Աշտարակ քաղաքում, Կարբի եւ Օհանավան գյուղերում վնասվել են պտղատու այգիներ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 19-20-ի սահմաններում Աշտարակ քաղաքում եւ Փարպի գյուղում քամու հետեւանքով շրջվել են էլեկտրական սյուներ, պոկվել է գյուղի դպրոցի տանիքը: Հոսանքազրկվել են Աշտարակ քաղաքը եւ Փարպի գյուղը` մասամբ:
Աշտարակ քաղաքի էլ.ցանցի վթարավերականգնողական խումբը նախաձեռնել է միջոցառումներ: Մայիսի 18-ի ժամը 8-ի դրությամբ Աշտարակ քաղաքի էլ.մատակարարումը վերականգնվել է մոտ 90 տոկոսով: Աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, Կոտայքի մարզում ուժեղ քամու հետեւանքով պոկվել եւ շրջվել է Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 133 հասցեում գտնվող Հ. Գեւորգյանին պատկանող տան տանիքը` մոտ 90 քմ մակերեսով:
Մայիսի 17-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շովրոյան փողոցի թիվ 12 տան հարակից տարածքում ծառ է տապալվել` փակելով ճանապարհի երթեւեկելի մասը: Ժամը 20.10-ին դեպքի մասին տեղեկացվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի պետը: Ծառի մասնատման եւ տեղափոխման աշխատանքները կկատարվեն մայիսի 18-ին:



























