Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ կախված այն բանից, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերի ՌԴ-ն, ըստ այդմ էլ տեղի կունենա աշխուժացում ԼՂ խնդրում՝ մայիսի 18-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախկին ԱԳ նախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է ազատագրված 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, ԱԳ նախկին նախարարը պատասխանել է. «Բոլոր 7 շրջանների վերադարձի հարցը կարմիր թելի պես անցնում է „Մադրիդյան սկզբունքների“ միջով, եւ այդ սկզբունքների վրա խարսխված ցանկացած լուծում հուշում է յոթ շրջաններից հայկական զորքերի դուրսբերում»։ Ա.Արզումանյանը խոսել է նաեւ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Նա նշել է, թե նման հեռանկարի մասին այսօրվա իրավիճակում դեռ վաղ է խոսելը, քանի որ «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունները դեռեւս շարունակվում են, կողմերը դեռեւս պայմանավորվում են ինչ-ինչ հարցերի շուրջ, ինչը չեզոքացնում է ռազմական գործողությունների վերսկսումը։ Նման բան կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ «Մադրիդյան սկզբունքները» մտնեն փակուղի։