«Ես բազմիցս հայտարարել եմ, որ այսօր Ռուսաստանն ու Թուրքիան լուծում են ստրատեգիական համագործակցության երկարաժամկետ խնդիր, որում Հայաստանը, ցավոք սրտի, կարող է դառնալ մանրադրամ»,- այսօր այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահի Թուրքիա կատարած այցին։ Նա նաեւ նշել է, թե պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ Օսմանյան կայսրությունն ու Ռուսաստանն ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության են եկել, որպես կանոն, հայերն եւ հարեւան ժողովուրդները տուժել են։ Այդ առումով ՌԴ-Թուրքիա վերջին մերձեցումը նախկին ԱԳ նախարարը մտահոգիչ է համարում՝ միաժամանակ հավելելով. «Մենք ունենք չլուծված խնդիրներ, երկու հարեւան երկրների կողմից ենթարկվում ենք բլոկադայի, եւ այդ երկու երկրների հետ Ռուսաստանն այսօր խոսում է ստրատեգիական հարաբերություններ հաստատելու մասին»: Նա, որպես երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության օրինակ, նշեց «Հարավային հոսք» ծրագիրը։
Արզումանյանի հավաստմամբ՝ մինչեւ հոկտեմբեր կողմերը կհայտարարեն այդ ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Նախկին արտգործնախարարը հիշեցրեց ոուսական եւ թուրքական կողմերի հայտարարությունները՝ առաջիկայում «Հարավային հոսքի» եւ «Նաբուկո»-ի միավորման վերաբերյալ։




























