Apple-ը 2022 թվականից կբարձրացնի նոր սմարթֆոնների գները, հաղորդել է MacRumors-ը՝ վկայակոչելով DigiTimes-ի զեկույցը:

Սմարթֆոնների թանկացումը կապված է չիպեր արտադրող TSMC-ի ծախսերի 20 տոկոսով ավելացման հետ: Ավելի վաղ Wave7 Research-ի վերլուծաբանները հայտարարել են, որ համաշխարհային շուկայում դեֆիցիտը քիչ կազդի Apple-ի վրա: TSMC-ն տարեվերջին պլանավորում է արտադրության մեծ ծախսեր, ամերիկյան ընկերությունը մտադիր է հունվարին բարձրացնել սմարթֆոնների գները: Թանկացումը կազդի նաեւ iPhone 13-ի վրա:

«Աղբյուրները հայտնել են, որ Apple-ը, որը TSMC-ի ամենամեծ հաճախորդն է, եւ որի պատվերները կազմում են արտադրողի ընդհանուր եկամտի ավելի քան 20 տոկոսը, կբարձրացնի գները 3-5 տոկոսով», - նշել են հեղինակները: Գնաճ կանխատեսող վերլուծաբանները նկատել են, որ այս տարի նոթբուք արտադրողներն իրենց արտադրանքի գինը բարձրացրել են 5-10 տոկոսով:

Փորձագետները կարծում են, որ iPhone 13-ը մի շարք փոքր բարելավումներ կստանա` ներառյալ սմարթֆոնի տեսախցիկի բարելավումը: Ընկերության մարքեթոլոգները կփորձեն հիմնավորել թանկացումը նոր գործառույթների առկայությամբ:

Օգոստոսի կեսերին TrendForce-ի վերլուծաբանները հայտարարել են, որ Apple-ը չի բարձրացնելու սմարթֆոնների գինը: Սերիայի առավել մատչելի iPhone 13 mini-ն կարժենա 699 դոլար, ինչպես եւ 12 mini-ն: iPhone 13-ը կարժենա բյուջետային մոդելից 100 դոլարով ավելի, 256 Գբ վերափոխված սարքավորումը կարժենա 950 դոլար: