Ադրբեջանն ու Թուրքիան այժմ սկսել են տարբեր մեթոդներով դեմարշներ անել՝ ԼՂ խնդրի կարգավորման ձեւաչափը փոխելու ուղղությամբ՝ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ գնահատելով ԼՂ խնդրի կարգավորման ներկա փուլը։ Նա նշել է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի նման մոտեցումը մեկ նպատակ ունի՝ հասնել ԼՂ խնդրին շուտափույթ լուծմանը։ «Ադրբեջան ու Թուրքիան զգում են, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում խնդրի լուծում տեսանելի ապագայում չի սպասվում, եւ սկսել են դեմարշների, շանտաժի քաղաքականություն բանեցնել։ Ես չեմ բացառում, որ այդ համատեքստում կիրառվեն թատերականացված պատերազմական գործողություններ՝ հասնելու իրենց նպատակին»,- ասել է Կարապետյանը։
Նա նաեւ հավելել է, թե ԼՂ խնդրի կարգավորման փոփոխվող ձեւաչափում ադրբեջանական եւ թուրքական կողմի առաջարկով պետք է ընդգրկվեն տարածաշրջանային երկրները, մասնավորապես` Իրանը, Թուրքիան։ Այս նոր ձեւաչափի հետ, սակայն, ըստ ՆԺԿ ղեկավարի, Հայաստանը չի համաձայնի։ «Այն, որ ձեւաչափի փոփոխման գործընթաց է սկսվել, մեղավորը մենք ենք, քանի որ մենք Թուրքիային բերեցինք տարածաշրջան»,- նշել է Ա. Կարապետյանը։ Նա պատահական չի համարել, որ հատկապես այս շրջանում է քննարկվում ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաակտիվացման հարցը, քանի որ ԵԽԽՎ-ն այժմ ղեկավարում է ազգությամբ թուրք նախագահը։ «Այժմ ԵԽԽՎ նախագահը շանտաժի է ենթարկում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կա՜մ ԼՂ հարցը լուծել, կա՜մ էլ ադրբեջանական կողմը խնդրի կարգավորումը տեղափոխում է այլ ձեւաչափ»,-նկատել է Ա. Կարապետյանը։ ՆԺԿ ղեկավարը, սակայն, դժվարացել է նշել, թե ինչով կավարտվեն ձեւաչափի փոփոխման հետ կապված գործընթացները։
Նշենք, որ մայիսի 12-14-ը Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե ԼՂ հարցով հանձնաժողովը վերաակտիավացնելու նախաձեռնությունն իրենը չէ։



























