iPhone 13 սմարթֆոնը, որն ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը կներկայացնի 2021 թվականի սեպտեմբերին, կստանա եզակի գործառույթ. սարքը կաշխատի որպես արբանյակային հեռախոս: 9to5mac հարթակի տվյալներով՝ 13-րդ այֆոնի օգտատերերը կկարողանան զանգել անգամ բջջային կապի բացակայության դեպքում, հաղորդում է Planet- today-ը:

iPhone 13-ի նոր գործառույթի մասին հաղորդում է Մին Չի Կո ինսայդերը, որը հրապարակել է երկտող ներդրողների համար: Փորձագետի խոսքով՝ նոր սմարթֆոնը կկարողանա կատարել ձայնային զանգեր՝ ուղիղ միացում ապահովելով ուղեծրային սարքերի հետ, որոնք նախատեսված են արբանյակային կապի համար: Մին Չի Կոն մանրամասնել է, որ նոր այֆոնը կմիանա արբանյակներին ցածր մերձերկրային ուղեծրում, որպեսզի օգտատերը կարողանա զանգահարել եւ ուղարկել տեքստային հաղորդագրություններ:

Նոր հետաքրքիր գործառույթի տեխնոլոգիական իրագործումը հիմնված է Qualcomm X60 մոդեմի հնարավորությունների վրա: Հայտնի չէ, թե որ սցենարների դեպքում կարելի է օգտագործել արբանյակային կապը, եւ կլինի՞ արդյոք այն վճարովի:

Apple-ի սմարթֆոններում արբանյակային կապի մասին շշուկներն ի հայտ են եկել դեռեւս մի քանի տարի առաջ, սակայն մինչ այսօր լուրջ չեն ընկալվել: Այժմ, երբ այդ մասին հայտնել է այնպիսի հեղինակավոր աղբյուրը, ինչպես Մին Չի Կոն, ակնհայտ է դարձել, որ Apple-ի ինժեներներն իսկապես աշխատում էին արբանյակային կապի ուղղությամբ: